ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանի ընտրության արդյունքները

Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանի ընտրության արդյունքները

Մոլդովայի սոցիալիստների կուսակցության՝ «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդ Իգոր Դոդոնը Քիշնևի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում ընտրությունը կամ դրանց արդյունքները և սպասում են Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը, որը կհաստատի ընտրության արդյունքները։

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հանգստություն և գործել օրենքի շրջանակներում։ Խուսափեք սադրանքներից և հրահրողներից»,-դիմելով ցույցի մասնակիցներին՝ ասել է նա:

Ըստ Դոդոնի՝ ընտրական շտաբներում այժմ համակարգում են բոլոր ընտրատեղամասերից խախտումների մասին տեղեկությունները։ 

«Դրանք ստանալուց հետո կուղարկենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եթե այնտեղ մերժեն, կդիմենք դատարան: Քանի դեռ բոլոր բողոքները չեն քննվել, մենք ոչ մի ընտրություն չենք ճանաչում»,- ասել է ռուսամետ դաշինքի ղեկավարը։

Հայտարարություններից հետո հանրահավաքն ավարտվել է:

  • Կիսվել: