կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոլդովայի խորհրդարանը կքննարկի ԱՊՀ-ի շրջանակներում զինված ուժերի և արտակարգ դրության մասին համաձայնագրերից դուրս գալու հարցը

Մոլդովայի խորհրդարանը կքննարկի ԱՊՀ-ի շրջանակներում զինված ուժերի և արտակարգ դրության մասին համաձայնագրերից դուրս գալու հարցը

Մոլդովայի իշխանությունները նախաձեռնել են դուրս գալ ԱՊՀ-ի շրջանակներում ռազմավարական զինված ուժերի և արտակարգ իրավիճակների ընթացքում գործողությունների մասին համաձայնագրերից։ Որոշումների համապատասխան նախագծերը ներկայացվել են հանրապետության խորհրդարան: Այյս մասին հաղորդում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Չեղյալ կհայտարարվի Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ապահովման   բնագավառում փոխգործակցության և դրանց հետևանքների վերացման համաձայնագիրը, որը կնքվել է 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում, փոփոխվել` 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Դուշանբեում կնքված արձանագրությամբ...  Միաժամանակ, չեղյալ կհայտարարվի 1991 թվականի դեկտեմբերի 30-ի Ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագիրը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունն այդ համաձայնագրերն անվանել է «անընդունելի» և «իրողություններին չհամապատասխանող»։ Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն   կառավարություն է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու որոշման նախագծի պատրաստման պահանջ։

ТАСС-ն ընդգծում է, որ Մոլդովայի վերաբերմունքն ԱՊՀ-ի նկատմամբ սկսել է փոխվել 2020 թվականի նախագահական ընտրություններում Մայա Սանդուի հաղթանակից հետո, որը երբեք չի մասնակցել կազմակերպության գագաթնաժողովներին։ Իսկ այս տարի երկրի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է միավորման շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրերի չեղարկում սկսելու մասին։

Այս մոտեցումը խիստ քննադատում է ընդդիմությունը։ Ընդդիմության ճամբարում խոշորագույն` Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը կարծում է, որ երկիրը չի գոյատևի առանց ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայիս իշխանությունների այդ քաղաքականությունը հանրապետությունը ներքաշել է վերջին տարիների ծանրագույն ճգնաժամի մեջ, քանի որ ագրոարդյունաբերական արտադրանքի մոլդովացի արտահանողները կորցրել են իրացման շուկաները, մի քանի անգամ աճել են Ռուսաստանի Դաշնությունից գնվող գազի և մյուս էներգապաշարների գները։ 

  • Կիսվել: