ՄՕԿ-ը ներողություն է խնդրել Բաքվից France2-ի՝ Արցախի օկուպացման մասին խոսքերի համար
Բաքուն Փարիզից պահանջել է ներողություն խնդրել France2-ի մեկնաբանի խոսքերի համար։
Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France-2-ի հաղորդավարն ասել է․ «Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն սա որակել է որպես «Ադրբեջանի դեմ քայլ» և «պահանջել» Ֆրանսիայի իշխանություններից, որպեսզի ապագայում այլևս չկրկնվի։
Նշենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին։ Կոմիտեից ներողություն են խնդրել France2 հեռուստաալիքի հայտարարությունների համար, այն որակել «անընդունելի» և ընդգծել, որ այդ հայտարարություններն անհամատեղելի են այն սկզբունքների և արժեքների հետ, որոնք փորձում է առաջ տանել Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտի և օլիմպիական խաղերի միջոցով։