երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը

Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը

Արգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են Եվրամիության (ԵՄ) ու Հայաստանի միջև առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը, գրում է Ազատությունը:  

Փետրվարի 13-ին նախատեսված ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հանդիպմանը հարցերի լայն շրջանակ կքննարկվի։ Բրյուսելի փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Բորելը կանդրադառնան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ներկա վիճակին, քաղաքական երկխոսության, բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսական համագործակցության հետ կապված հարցերին, կքննարկեն նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։

Թե կոնկրետ որ ոլորտներին է վերաբերում «առավել հավակնոտ օրակարգը», պաշտոնական հաղորդագրությունում Բրյուսելը չի հստակեցրել։ Անցած տարեվերջին, սակայն, հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ուսումնասիրել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը, մի բան, որ նախատեսված չէ Երևանի ու Բրյուսելի հարաբերությունները կարգավորող հիմնական՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Պաշտոնական Երևանն, իր հերթին, բազմիցս խոսել է Հայաստանի կառավարության ու ժողովրդի եվրոպական ձգտումների մասին։

Վերջին օրերին արտգործնախարար Միրզոյանը տնտեսական, առևտրային հարաբերությունների շուրջ քննարկումներ է ունենում եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ։ Արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ Հաագայում հանդիպեց Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարարին։ Քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության ոլորտներում, ընդգծել են ԵՄ-ի հետ առկա գործիքակազմն առավելագույնս կիրառելու կարևորությունը։

Հետո արդեն Փարիզում Միրզոյանը հանդիպեց անցած ամիս Ֆրանսիայի արտգործնախարար նշանակված Ստեֆան Սեժուրնեին։ Պաշտոնյաներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի ու ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, հաղորդում է պաշտոնական Փարիզը։

Ֆրանսիան շարունակում է մեծացնել մարդասիրական օգնությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից փախստականներին։ 2023-ին աջակցությունը ընդհանուր առմամբ 29 միլիոն եվրո է կազմել։

Ամիսներ առաջ էլ հաղորդվեց՝ Գերմանիան շուրջ 85 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ միջին մասնագիտական կրթությունն ու վերականգնվող էներգետիկան զարգացնելու համար։ ԵՄ անդամ երկրներից Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը հենց Գերմանիան է, առևտրաշրջանությունն անցած տարի ավելի քան 600 միլիոն դոլար է կազմել, հաջորդում են Իտալիան, Նիդերլանդներն ու Ֆրանսիան։ Ընդհանուր առմամբ ԵՄ բոլոր երկրների հետ առևտուրը 2023-ին շուրջ 2.7 միլիարդի է հասել։

Հայաստանի արտգործնախարարն ու իր ֆրանսիացի գործընկերը նաև հայ-ադրբեջանական կարգավորմանն են անդրադարձել։ Փարիզը վերահաստատել է իր աջակցությունը կարգավորման ուղղությամբ Եվրամիության ու ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։

«Առանց միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու երկու երկրների սահմանների անխախտելիության հանդեպ հարգանքի արդար ու տևական խաղաղություն չի կարող լինել», - ընդգծում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Նախօրեին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, թե Բաքուն պատրաստ է վերսկսել բրյուսելյան գործընթացը։ Առայժմ, սակայն, Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին որևէ հստակ տեղեկություն չկա։

 

  • Կիսվել: