ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միլիարդատեր Ավդոլյանը Ռուսաստանում երրորդ ամենախոշոր ածխարդյունահանող ընկերությունը կստեղծի

Միլիարդատեր Ավդոլյանը Ռուսաստանում երրորդ ամենախոշոր ածխարդյունահանող ընկերությունը կստեղծի

«Էլգա Ուգոլ» եւ «Սիբանտրացիտ» ընկերությունները կմիավորվեն։ Նրանց սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, որոշում է կայացրել միաձուլել ածխի իր ակտիվները։ Այս մասին գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով գործարարին մոտ կանգնած աղբյուրին։ Միավորման արդյունքում ընկերությունը կդառնա Ռուսաստանում երրորդ ամենամեծ ածխարդյունահանողը Սիբիրի ածխի էներգետիկ ընկերությունից եւ «Կուզբասռազրեուգոլից» հետո։

Աղբյուրի համաձայն՝ միավորված ընկերությունը կոչվելու է «Էլգա-Սիբանտրացիտ ածխի ընկերություն» (ԷԼՍԻ)։ Իսկ «Ա-Փրոփերթիում», որը նույնպես պատկանում է Ավդոլյանին, ՌԲԿ-ին ասել են, որ տեղեկությունը գործարքի մասին համապատասխանում է իրականությանը։

Նոր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ալեքսանդր Իսաեւը։ Նա հիմա ղեկավարում է թե՛ «Էլգա Ուգոլը», թե՛ «Սիբանտրացիտը»։

«Էլհա Ուգոլը» զբաղվում է Յակուտիայի հարավ-արեւելքում գտնվող Էլգայի ածխահանքի մշակմամբ։ Դա ամենամեծ հանքավայրն է Ռուսաստանում, որի պաշարները գնահատվում են  ավելի քան 2,2 մլրդ տոննա։

«Սիբանտրացիտը» Ռուսաստանում ամենախոշոր մետալուրգիական ածխի արտադրողն է  եւ բարձրորակ անտրացիտի արտադրման եւ արտահանման համաշխարհային առաջատարը։ Ընկերությունների խմբում են «Սիբիրյան անտրացիտը» եւ «Արեւելյան ճյուղը» Նովոսիբիրսկի մարզում եւ «Կիյազի ճյուղը» Կեմերովոյում։ 2021թ. խումբն ավելացրել է արդյունահանման ծավալն ավելի քան մեկ երրորդով՝ 22,6 մլն տոննա։

  • Կիսվել: