կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մղձավանջային վերադարձ. Մաքգրեգորը 69 վայրկյանում պարտվեց Հոլոուեյին UFC 329-ում

Մղձավանջային վերադարձ. Մաքգրեգորը 69 վայրկյանում պարտվեց Հոլոուեյին UFC 329-ում

Լաս Վեգասում կայացած UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում Քոնոր Մաքգրեգորի՝ հինգ տարվա դադարից հետո սպասված վերադարձը վերածվեց իսկական մղձավանջի։ Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոնը տեխնիկական նոկաուտով զիջեց ամերիկացի Մաքս Հոլոուեյին արդեն առաջին ռաունդի 69-րդ վայրկյանին, գրում է armsport.am-ը:

Կիսամիջին քաշային կարգում անցկացվող հանդիպման հենց մեկնարկում 37-ամյա իռլանդացին ագրեսիվորեն նետվեց առաջ ու փորձեց ցատկով շրջադարձ հարված հասցնել, սակայն անհաջող վայրէջք կատարեց աջ ծնկի վրա և ստացավ ծանր վնասվածք։ Մաքգրեգորը երկու անգամ վայր ընկավ՝ չկարողանալով կանգնել ոտքի վրա։

Հոլոուեյն անմիջապես օգտվեց իրավիճակից ու նետվեց հարվածներ հասցնելու վնասվածք ստացած մրցակցին, ինչից հետո մրցավարը ստիպված եղավ դադարեցնել մենամարտը և գրանցել տեխնիկական նոկաուտ: Վիճակագրությունը խիստ խոսուն է. 1 րոպե 09 վայրկյանի ընթացքում Քոնորը կատարեց 5 հարված, որոնցից ոչ մեկը դիպուկ չէր, մինչդեռ Հոլոուեյի 14 հարվածներից 12-ը հասան նպատակին (5-ը՝ կանգնած դիրքում, 7-ը՝ պարտերում)։ Այս հաղթանակով 34-ամյա ամերիկացին ռևանշի հասավ 2013 թվականին Քոնորից կրած պարտության համար։

Մարտից հետո իռլանդացին սոցցանցերում գրառում է կատարել՝ չթաքցնելով իր հիասթափությունը.

«Ես լիովին կոտրված եմ: Մինչև մենամարտը ոչ մի վնասվածք չունեի, ամբողջ ուսումնամարզական ճամբարի ընթացքում և նույնիսկ հանդերձարանում մարտից առաջ նորմալ հարվածներ էի կատարում ոտքերով՝ թռիչքի մեջ և կանգնած դիրքից։ Սա տեղի ունեցավ միանգամայն անսպասելի: Ես խավարի մեջ եմ և այս ամենը կարող եմ նկարագրել միայն որպես դժոխք»,- գրել է Մաքգրեգորը:

UFC-ի նախագահ Դանա Ուայթը նշել է, որ բժիշկների նախնական տվյալներով, Քոնորը պատռել է ծնկի խաչաձև կապանը։ «Այս սպորտում հինգ տարվա դադարը շատ բարդ է»,- հավելել է Ուայթը։ Նշենք, որ բուքմեյքերները իռլանդացուն համարում էին մենամարտի աութսայդեր։

 

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը օկտագոն դուրս չէր եկել 2021 թվականի ամառվանից, երբ Դասթին Պորյեի հետ մենամարտում կոտրել էր ձախ ոտքը։ Նրա վերջին հաղթանակը թվագրվում է 2020 թվականի հունվարով՝ Դոնալդ Սերոնեի նկատմամբ։

 

Այսպիսով, Մաքգրեգորի ակտիվում այժմ կա 22 հաղթանակ և 7 պարտություն, իսկ Մաքս Հոլոուեյն իր հաշվին գրանցեց 28-րդ հաղթանակը՝ 9 պարտության պայմաններում։

  • Կիսվել: