երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան սկսել է վկայություններ հավաքել Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիայի վերաբերյալ

Մեծ Բրիտանիան սկսել է վկայություններ հավաքել Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիայի վերաբերյալ

Սքոթլանդ Յարդը սկսել է վկայություններ հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիայի վերաբերյալ՝ դրանք Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) փոխանցելու համար։ Լոնդոնի ոստիկանության կողմից ուրբաթ հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ աշխատանքն իրականացնում է ռազմական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը, որը մտնում է Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խուզարկուները դիմում են բոլորին Մեծ Բրիտանիայում, ով կարող է ուղիղ ապացույցներ ունենալ 2013 թ. նոյեմբերի 21-ից մինչ օրս Ուկրաինայում իրականացված ռազմական հանցագործությունների մասին: Լոնդոնի ոստիկանության Պատերազմական հանցագործությունների դեմ պայքարի բաժնին փոխանցված եւ հավաքված ապացույցները կարող են այնուհետեւ փոխանցվել ՄՔԴ՝ դրա կողմից իրականացվող հետաքննությանն աջակցության կարգով: Այս պահին, Թագավորության դատախազության հետ համատեղ մշակված առաջարկությունների համաձայն, բուն Միացյալ Թագավորությունում խումբը չի զբաղվում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննությամբ»,- ասվում է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել են ոստիկանությունում, խմբի անդամները հատկապես շահագրգռված են շփվել Միացյալ Թագավորությունում գտնվող եւ հնարավոր հանցագործությունների անմիջական վկաներ հանդիսացող մարդկանց հետ։ Ոստիկանությունը կխորհրդակցի բրիտանական համապատասխան պետական ​​կառույցների եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ՝ նյութերի հավաքման գործընթացը համակարգելու համար։

Ուկրաինան ՄՔԴ-ի անդամ չէ, սակայն ավելի վաղ երկու դիմում էր ներկայացրել՝ ճանաչելով դատարանի իրավասությունը երկրի տարածքում 2013 թվականի նոյեմբերի 21-ից սկսած հնարավոր հանցագործությունների նկատմամբ։ Իրավիճակի նախնական ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՄՔԴ դատախազությունը հայտարարել է, որ հիմքեր է հայտնաբերել՝ հնարավոր ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ լիարժեք հետաքննություն իրականացնելու համար։ Հաշվի առնելով հակամարտության ընդլայնումը՝ փետրվարի 28-ին Խանը հայտարարեց ՄՔԴ-ի իրավասության տակ գտնվող բոլոր հնարավոր հանցագործությունները հետաքննության գործընթացում ներառելու իր մտադրության մասին, որոնք կատարվել են հակամարտող երկրներից որեւէ մեկի կողմից: Մարտի 3-ին 39 երկրի պահանջով ՄՔԴ-ն սկսել է Ուկրաինայի տարածքում հնարավոր հանցագործությունների հետաքննությունը։

Կրեմլը կտրականապես մերժել է Խանի խոսքերն Ուկրաինայումիրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ գործ հարուցելու ենթադրյալ ծանրակշիռ հիմքերի մասին։

 

  • Կիսվել: