Մեծ Բրիտանիան մերժել է Ֆրանսիայի ու Իտալիայի՝ ՌԴ-ի հետ երկխոսությունը վերսկսելու առաջարկը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի առաջարկը՝ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինը իսկապես խաղաղություն է ցանկանում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում»:
Պաշտոնյանի կարծիքով՝ հիմնական դիվանագիտական ջանքերն այժմ իրականացնում են Ուկրաինան և նրա մերձավոր դաշնակիցները։
«Մենք տեսնում ենք հսկայական նվիրվածություն այն աշխատանքին, որն Ուկրաինան կատարում է Միացյալ Նահանգների հետ համատեղ և Եվրոպայի աջակցությամբ՝ խաղաղ կարգավորման ծրագրեր մշակելու համար, ներառյալ անվտանգության երաշխիքները: Մինչդեռ Կրեմլի առաջնորդը պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Պուտինի հետ խոսելու փոխարեն Ուկրաինայի դաշնակիցները պետք է մեծացնեն ինչպես տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցների միջոցով, այնպես էլ ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ պատերազմը դադարեցնելու համար։


