կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան մեկ տարում 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին

Մեծ Բրիտանիան մեկ տարում 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին

Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։  

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ վարչապետ Ռիշի Սունակը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային 2024-2025 թվականներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դաունինգ Սթրիթը պարզաբանել է, որ Ռիշի Սունակը կայցելի Կիև, որտեղ Զելենսկիի հետ կստորագրի Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը: Այն նախատեսում է Կիևին աջակցելու միջոցառումներ, ներառյալ հետախուզական տվյալների  փոխանակումը, բժշկական և ռազմական պատրաստությունը, ինչպես նաև համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում:

Փաստաթղթում ասվում է, որ հատկացվելիք գումարից առնվազն 200 միլիոն ֆունտը կօգտագործվի Ուկրաինայի համար հետախուզական և հարվածային անօդաչուների հրատապ գնման և արտադրության համար։

Բացի այդ, օգնությունը կներառի մեծ հեռահարության հրթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանային արկեր։

Կիև այցի ընթացքում Սունակը կհայտարարի լրացուցիչ 18 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնության մասին, որից 8 միլիոնը կուղղվի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ամրապնդմանը։ Գումարի մյուս մասը նախատեսված է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի կողմից հակամարտության գոտի մարդասիրական օգնության մատակարարումներին աջակցության համար։

  • Կիսվել: