հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր սահմանների մոտ անարխիա չենք հանդուրժի. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Մեր սահմանների մոտ անարխիա չենք հանդուրժի. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։Խոսքը մեջբերել է «Miran Press» գործակալությունը։

«Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության և միջամտության, և մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։
 
Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նշել է, որ երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել և նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։
 
«Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարևանների միջև հակամարտությունից, միջամտում էին և խնդիրներ ստեղծում»,–նշել է նա։
 
Ալի Աքբար Վելայաթին նաև հայտարարել է, որ հարևան երկրների միջև սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը և կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն և կոշտ միջամտության են դիմում։

  • Կիսվել: