երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեքսիկայի նախագահը սպառնում է չմասնակցել Ամերիկայի գագաթնաժողովին, եթե ԱՄՆ-ը չհրավիրի բոլոր երկրներին

Մեքսիկայի նախագահը սպառնում է չմասնակցել Ամերիկայի գագաթնաժողովին, եթե ԱՄՆ-ը չհրավիրի բոլոր երկրներին

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը սպառնացել է բոյկոտել հաջորդ ամիս կայանալիք Ամերիկայի գագաթնաժողովը, եթե ընդունող երկիրը՝ Միացյալ Նահանգները, չհրավիրի Կուբային, Նիկարագուային և Վենեսուելային` հայտնում է CNN-ը:

«Լոս Անջելեսի գագաթնաժողովին մեր մասնակցությունը դեռևս լուծված չէ, քանի որ մենք առաջարկում ենք, որ ոչ ոք չբացառվի, մենք ձգտում ենք ամբողջ Ամերիկայի միասնությանը»,- ասել է Լոպես Օբրադորը Մեխիկոյում ճեպազրույցի ժամանակ: Նախագահը հաստատել է, որ նման քայլը բողոքի արտահայտություն կլինի Վաշինգտոնի որոշումների դեմ։

ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի կառավարությունները չեն հրավիրվի գագաթնաժողովին իրենց երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով:

Որպես ընդունող երկիր՝ ԱՄՆ-ը իրավունք ունի որոշել, թե ում հրավիրի հանդիպմանը։

Նախագահ Լոպես Օբրադորի հայտարարությունից հետո Սպիտակ տունը հայտնել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

«Մենք դեռևս չենք որոշել՝ ում հրավիրել, և հրավերներն էլ դեռ չենք ուղարկել»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։

  • Կիսվել: