կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մակրոնը դեմ է արտահայտվել Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելուն. ԶԼՄ-ներ

Մակրոնը դեմ է արտահայտվել Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելուն. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է արտահայտվել Տոկիոյում գրասենյակ բացելու ՆԱՏՕ-ի առաջարկին՝ Չինաստանի հետ հարաբերությունները սրելու չցանկանալու պատճառով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

«Եթե մենք մղենք ՆԱՏՕ-ին ընդլայնելու տիրույթն ու աշխարհագրությունը, մենք մեծ սխալ կգործենք»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիան չի ցանկանում աջակցել որևէ բանի, «որը նպաստում է ՆԱՏՕ-ի և Չինաստանի միջև լարվածությանը»: Նշվում է, որ գրասենյակի բացումը կարող է խաթարել Չինաստանի վստահությունը, մասնավորապես, Ուկրաինայի հարցում։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել էր Տոկիոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակ բացելու քննարկումը։ Այս հարցի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտնել էր նաև Ճապոնիայի արտգործնախարարը։ Եթե Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացվի, իր տեսակի մեջ առաջինը կլինի Ասիայում: Մինչ այժմ դաշինքից դուրս նմանատիպ հաստատություններ բացվել են միայն Ուկրաինայում և Վրաստանում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Տոկիոյում գրասենյակ բացելու ՆԱՏՕ-ի ծրագրերը գործնական վկայություն են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամրապնդվելու դաշինքի մտադրության մասին։ Նա հավելել է, որ Ասիայում հյուսիսատլանտյան բլոկի առաջխաղացումը կհանգեցնի այս տարածաշրջանի ռազմականացմանը և դաշինքի առճակատման ակտիվացմանը։

  • Կիսվել: