կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի դատարանը լսումներ է սկսում պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների շուրջ

ՄԱԿ-ի դատարանը լսումներ է սկսում պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների շուրջ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարի 19-ին սկսում է լսումները 1967 թ. ի վեր պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների իրավական հետևանքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ գործընթացին ելույթ կունենան 52 պետությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022 թ. դեկտեմբերին դիմել է համաշխարհային կազմակերպության միջազգային դատարան` խնդրելով գնահատել իրավական հետևանքները, որոնք «բխում են Իսրայելի քաղաքականությունից և գործելակերպից օկուպացված Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում»: Ըստ AFP գործակալության, որը քաղվածքներ է ներկայացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիմումից, խոսքը նաև «Իսրայելի կողմից պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի շարունակական խախտման մասին է»։ Բացի այդ, ակնկալվում է, որ Հաագայի դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ստեղծված իրավիճակն ինչ հետևանքներ ունի ՄԱԿ-ի և այլ երկրների համար։

Ի դեպ, ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը պարտադիր չէ կատարման համար։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 28 985-ի, վիրավորների թիվը՝ 68 883-ի։

  • Կիսվել: