Հաագայի դատարանն Իսրայելին կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար
Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն անկլավում։
Միջազգային դատարանը նաև կարգադրել է, որ Իսրայելը թույլ տա հումանիտար բեռների մուտքը Գազայի հատված, պաղեստինցիներին չպատճառի հոգեկան և մարմնական ցավ։
Այդուհանդերձ, դատարանը չի կարգադրել Գազայում անհապաղ հրադադար հաստատել, ինչը պահանջում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։
Դատարանի վերջնական վճիռը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մասին, կարող է տարիներ տևել։ Սակայն, ըստ BBC-ի, այս միջանկյալ միջոցը նշանակում է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը քննելու ընթացքում Գազայի հատվածի պաղեստինցիները որոշակի պաշտպանություն կունենան։
Իսրայելը դեռ պետք է որոշի՝ ինչպես արձագանքել դատարանի վճռին։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտավորեցնող են, սակայն դրանց իրականացումը պարտադրելու մեխանիզմներ չկան։
Այժմ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսը փորձում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև հրադադարի հասնել, որի ընթացքում կվերադարձվեն իսրայելցի գերիները, և հումանիտար օգնություն մուտք կգործի անկլավ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 26 000-ը: