ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կատարի վրա Իսրայելի հարձակման հարցով արտակարգ նիստ կգումարի
Կատարը խստագույնս դատապարտել է Իսրայելի կատարած հարձակումը երկրի մայրաքաղաք Դոհայի վրա։
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը։ Իսրայելական զինուժերը հրթիռակոծել են Դոհայի կենտրոնում գտնվող բնակելի շենքը, որտեղ՝ ըստ տեղեկությունների, «Համաս»-ի մի քանի ներկայացուցիչներ քննարկում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր զինադադարի առաջարկը։ Արդյունքում զոհվել են խմբավորման հինգ անդամներ, այդ թվում՝ գլխավոր բանակցողներից Խալիլ Ալ-Հայյայի որդին՝ Հումամը։ Զոհերի թվում է նաեւ Քաթարի ներքին անվտանգության ուժերի ղեկավար Բահդեր Ալ-Հումայիդի Ալ-Դոսարին։
Քաղաքական սպառնալիքի լրջությունը հաշվի առնելով՝ Ալժիրն ու Պակիստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու համար։ Երկու երկրներն էլ իրենց համերաշխությունն են հայտնել Կատարին՝ գնահատելով, որ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին, եթե նման գործողությունները չզսպվեն։
Նյու Յորքում Քաթարի մշտական ներկայացուցիչ Շեյխա Ալյա Ալ Թանին հատուկ նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ ԱԽ անդամների ուշադրությանը։
Նամակում նշվում է, որ Իսրայելի «քրեական ագրեսիան» սպառնում է ոչ միայն Քաթարին, այլեւ ամբողջ Պարսից ծոցի կայունությանը, եւ որ Դոհան «չի հանդուրժի նման անպատասխանատու քայլեր»։


