չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ արել պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։ Այս մասին ասված է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը՛՛,-նշված է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

՛՛Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են այս ահաբեկչական գործողության մեղավորներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Նրանք կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ ակտիվորեն համագործակցել կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։

Հիշեցնենք՝ Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՛՛Իսլամական պետությունը՛՛:

  • Կիսվել: