ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է Կատարում ՀԱՄԱՍ-ին ուղղված Իսրայելի հարվածը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածը, որի թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան անդամներն էին։ Այս մասին տեղեկանում ենք Խորհրդի կայքից։
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Դոհայի՝ գլխավոր միջնորդի տարածքին վերջերս կատարված հարվածները։ Նրանք խոր ափսոսանք են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում մահերի համար»,- հայտարարել են Անվտանգության խորհրդում։
Խորհուրդը նաև շեշտել է «լիցքաթափման կարևորությունը» և «համերաշխություն հայտնել Կատարին», միաժամանակ կոչ է արել շարունակել Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը՝ պատանդների ազատ արձակման և Գազայում խաղաղության հասնելու համար։
Նիստում Իսրայելի ներկայացուցիչը շեշտել է, որ Դոհայի վրա հարձակումն ուղղված է եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ, որոնք «օրինական քաղաքական գործիչներ, դիվանագետներ կամ ներկայացուցիչներ չէին», այլ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման «ոգեշնչողներն ու կազմակերպիչները»։
Իր հերթին ԱՄՆ ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ թեև Կատարի ռմբակոծությունը «չի նպաստում Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակների իրագործմանը», ՀԱՄԱՍ-ի վերացումը «արժանի նպատակ» է, և ահաբեկիչները «չպետք է ապագա ունենան Գազայում»։


