չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն է պահանջում. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն է պահանջում. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն է պահանջում, որպեսզի ստուգի Թեհրանի այն հայտարարությունները, թե դրանք անվտանգ չեն, ու անհնար է այնտեղ հասնել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ` Իրանն այս երեք օբյեկտներից շատ ավելին ունի։ Այդ երեք օբյեկտները շատ կարևոր են ուրանի վերամշակման, փոխակերպման և հարստացման առումով։ Բայց Իրանի միջուկային ծրագիրը դրանով չի սահմանափակվում։ Իրանը շատ զարգացած միջուկային ծրագիր ունի՝ հզոր գիտահետազոտական բաղադրիչով և երկրի տարածքում բազմաթիվ այլ օբյեկտներով»,-ասել է նա։

Գրոսին նաև ասել է, որ համաձայն Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրի և երաշխիքների մասին համապարփակ համաձայնագրի՝ Իրանը պարտավոր է հասանելիություն տրամադրել այդ օբյեկտներին: Նա հույս ունի, որ երկխոսության արդյունքում կհաջողվի որոշակի առաջընթացի հասնել, և Իրանը չի հրաժարվի իր միջուկային օբյեկտների ընդլայնված ստուգումներից:

  • Կիսվել: