Մադագասկարի խորհրդարանը քվեարկեց նախագահի պաշտոնանկության օգտին
Մադագասկարի Ազգային ժողովի անդամները քվեարկել են նախագահ Անդրի Ռաջոելինային պաշտոնանկ անելու օգտին 130 ձայնով, մեկ դատարկ քվեաթերթիկով, տեղեկացնում է BBC News-ը:
Նշվում է, որ Գերագույն սահմանադրական դատարանը պետք է հաստատի արդյունքները։
Բանակը շրջափակել է մայրաքաղաք Անտանանարիվուի դատարանի շենքի շրջակայքը։
Նախագահ Ռաջոելինան նշել է, որ նիստը տեղի է ունեցել Ազգային ժողովի՝ իր կողմից լուծարման ֆոնին, և քվեարկությունը որակել է հակասահմանադրական։
Իր հերթին Ռոյթերսը հայտնել է, որ Ռաջոելինային պաշտոնանկ անելու քվեարկությունից հետո CAPSAT էլիտար ռազմական ստորաբաժանումը հայտարարել է, որ ստանձնում է իշխանությունը, «բանակի գնդապետն» էլ հայտարարել է, որ զինվորականները ստանձնել են հրամանատարությունը։
Նշենք, որ ավելի վաղ Ռաջոելինան, որի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է, հայտարարել էր խորհրդարանի լուծարման մասին։
Ազգային ժողովի փոխնախագահ և ընդդիմության առաջնորդ Սիտենի Ռանդրիանասուլոնիայկուն կասկածի տակ էր դրել նախագահական հրամանագրի վավերականությունը։ Նա պնդում էր, որ փաստաթուղթն անվավեր է, քանի որ այն հայտարարվել է սոցիալական ցանցերում, և, հետևաբար, բացակայում են նախագահի ստորագրությունն ու կնիքը։ Ներկայացուցիչների պալատը չի ստացել բնօրինակը։


