հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մադագասկարի նախագահը լքել է երկիրը

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան լքել է Անտանանարիվուն՝ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Jeune Afrique ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ շաբաթ օրը «Միդի Մադագասիկարա» թերթը, հղում անելով զինվորականների հայտարարությանը, հաղորդել է, որ Մադագասկարի բանակի անձնակազմի հրամանատարական կորպուսը (CAPSAT) դեմ է արտահայտվել ցուցարարների վրա կրակ բացելու հրամանին և կոչ է արել երկրի անվտանգության մյուս ուժերին հետևել օրինակին։

«Մեր աղբյուրների համաձայն՝ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան, որը շաբաթներ տևած ցույցերից հետո հայտնվել էր փակուղու մեջ, լքել է քաղաքը»,-ասված է հրատարակության մեջ։

Ամսագիրը նաև նշում է, որ CAPSAT զինվորներին և ցուցարարների բազմությանը հաջողվել է հասնել Անտանանարիվուի մայիսի 13-ի հրապարակ, որը խորհրդանշական վայր է, որտեղ 1970-ական թվականներից ի վեր իշխանության են եկել նոր ուժեր, իսկ հները տապալվել են։

Հավելենք, որ սկզբում Madagascar Gen Z շարժման մասնակիցները պահանջում էին ջրի, էլեկտրաէներգիայի եւ առողջապահության հասանելիության բարելավում, ինչպես նաեւ կոռուպցիայի վերացում: Սակայն փողոցային բռնություններից հետո բողոքի ցույցերը վերածվեցին քաղաքական բողոքի ցույցերի, որոնց ժամանակ ցուցարարները պահանջում էին 51-ամյա նախագահ Ռաջոելինայի հրաժարականը, որը իշխանության եկավ 2009թ․ նմանատիպ փողոցային անկարգություններից հետո եւ վերընտրվեց 2019 եւ 2023թթ.:

Չնայած հեղաշրջման փորձի մեղադրանքներին՝ Ռաջոելինան պնդում էր, որ լսում է «երիտասարդության ձայնը» եւ հոկտեմբերի 6-ին լուծարեց կառավարությունը՝ գեներալ Ռյուֆեն Ֆորտյուն Դիմբիսուա Զաֆիսամբոյին նշանակելով նոր վարչապետ: Սակայն այս քայլը չկարողացավ կանգնեցնել անկարգությունները. հոկտեմբերի 9-ին հազարավոր ցուցարարներ կրկին դուրս եկան Անտանանարիվուի փողոցներ:

Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թուրքը կոչ արեց իշխանություններին «դադարեցնել չափազանց ուժի կիրառումը»՝ նշելով, որ զոհերի թիվը կրկին աճում է:

Մադագասկարում իրավիճակը մնում է խիստ լարված, իսկ զինվորականների եւ կառավարության միջեւ դիմակայության ելքը դեռեւս անկանխատեսելի է:

  • Կիսվել: