երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լուկաշենկոն Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի գրոհն անվանել է «իրադարձություն, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել»

Լուկաշենկոն Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի գրոհն անվանել է «իրադարձություն, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել»

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները, որոնց ընթացքում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք, իրադարձություններ էին, որոնց մասին ոչ ոք չէր կարող մտածել: TASS գործակալության փոխանցմամբ` այսպես է ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ եկեղեցի կատարած այցի ժամանակ:

«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ կգրոհեն Կապիտոլիումի` համաշխարհային ժողովրդավարության ամրոցի վրա, ինչպես իրենք են դա անվանում: Ո՞վ կարող էր մտածել, ոչ ոք: Չնայած Թրամփի համար այս ամենում կա որոշակի արդարություն: Սակայն դա վատ է: Նա ասում է, որ վատ է, երբ մարդիկ գրոհում են, մարդիկ են մահանում», – ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն ընդգծել է, որ այս առնչությամբ Բելառուսում «հարկավոր է հավաքվել, հարկավոր է հանգստանալ»` նկատի ունենալով Մինսկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

«Ես զգուշացրել եմ` վատ է, երբ մարդիկ փողոցներում են, ավելի վատ է, երբ մտնում են բակեր, անտանելի կլինի, երբ մտնեն ձեր բնակարաններ: Մենք չպետք է նման բան թույլ տանք: Ես միայն մի բան եմ խնդրում, որ դուք ինձ հասկանաք և չդատեք: Ես խաղաղասեր մարդ եմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը գա այստեղ և ոչնչացնի մեր այս տաճարը»:

 

Հիշեցնենք` հունվարի 6-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցով Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը վերածվել էր քաոսի։ Նիստն ընդհատվել էր, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումի շենքի վրա, ճեղքել իրավապահների պատնեշը և մտել Կոնգրես: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել, 10-ից ավելին` վիրավորվել: Վաշինգտոնում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայվել են Ազգային գվարդիայի զինվորականներ:

Ավելի ուշ նիստը վերսկսվել էր: Կոնգրեսը հաստատել է ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ հաջորդ նախագահ:

  • Կիսվել: