Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Համապատասխան թիվ 9 «Միջազգային պայմանագրի նախագծի մասին» հրամանագիրը Բելառուսի նախագահը ստորագրել է հունվարի 11-ին։
«Փաստաթուղթը հաստատվել է որպես բանակցությունների անցկացման հիմք։ Արձանագրության նախագծի պատրաստումը պայմանավորված է ԵԱՏՄ մասին պայմանագրի թարմացման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան։
Փոփոխությունները վերաբերում են մաքսային կարգավորման, առևտրի, մրցակցության, պետական գնումների, էներգետիկայի, տրանսպորտի հսկողության, տեխնիկական կանոնակարգերի հարցերին»,- նշվում է զեկույցում։