Լիտվան սահմանի հատման հետ կապված խնդիրների պատճառով նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ
Լիտվան, ի պատասխան այն բանի, որ Բելառուսն արգելում է լիտվական ընկերություններին պատկանող բեռնատարներին հատել սահմանը, հայտարարել է Մինսկի դեմ ազգային պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր գործիքները չեն սպառվել: Գարնանը մենք մշակել ենք Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցների փաթեթ, որը դեռեւս չի իրականացվել, բայց հնարավոր տարբերակներից մեկն է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով միակողմանիորեն փակել է Բելառուսի հետ սահմանը՝ իբր թե ծխախոտի օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը, Վիլնյուսի հավաստիացմամբ, սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը:
Ի պատասխան՝ Մինսկն արգելել է լիտվական բեռնատարներին սահմանը հատել եւ կարգադրել, որ դրանք կայանեն վճարովի կայանատեղիներում: Արդյունքում՝ ավելի քան 1 000 լիտվական բեռնատար մնացել է Բելառուսում:
Լիտվան հինգշաբթի բացել է իր սահմանը, բայց բեռնատարները նախկինի պես, ըստ լիտվական կողմի, դեռեւս կանգնած են Բելառուսի արգելքի պատճառով, իսկ երկնքում նորից հայտնվել են մաքսանենգների օդապարիկները։


