ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադեբին հրաժարական է տվել կառավարության ստեղծման շուրջ քաղաքական փակուղու պատճառով: Նա պաշտոնավարել է մեկ ամիս, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Ադիբի հայտարարությունը հարված է հասցնում ճգնաժամից տուժած երկիրը վտանգավոր փակուղուց դուրս բերելու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին:

Ֆրանսիայի առաջնորդը ճնշում է գործադրում լիբանանցի քաղաքական գործիչների վրա` անկախ մասնագետներից կազմված կաբինետ ձեւավորելու նպատակով, որոնք կարող են աշխատել շտապ բարեփոխումների ուղղությամբ` Լիբանանը տնտեսական և ֆինանսական կործանարար ճգնաժամից դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ  ճգնաժամը սրվել էր օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

Ադիբը նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո, մասնավորապես, ասել է. ՛՛Ես ներողություն եմ խնդրում կառավարություն չձեւավորելու համար եւ հաջողություն եմ մաղթում նրան, ով կնշանակվի ինձնից հետո այս դժվարին պայմաններում: Ես ներողություն եմ խնդրում լիբանանցի ժողովրդից: Ֆրանսիական նախաձեռնությունը պետք է շարունակվի, քանի որ այն արտահայտում է Փարիզի անկեղծ մտադրությունը: Կոմպետենտ եւ ազնիվ փորձագետներից կառավարություն կազմելը նախագահ Մակրոնին հնարավորություն կտա մոբիլիզացնել միջազգային հանրությունը` Լիբանանին օգնելու համար: Լիբանանում կառավարության ձեւավորման շուրջ քաղաքական կոնսենսուս այլեւս չկա՛՛:

 

  • Կիսվել: