կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ուժերի հետ համատեղ կվերսկսի հարավային շրջանների պարեկությունը. ԶԼՄ-ներ

Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ուժերի հետ համատեղ կվերսկսի հարավային շրջանների պարեկությունը. ԶԼՄ-ներ

Լիբանանի բանակի զինծառայողները մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, կվերսկսեն երկրի հարավային՝ Իսրայելին սահմանակից շրջանների պարեկությունը՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Jadeed հեռուստաալիքի աղբյուրների, որոնք Լիբանանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ են, պարեկության վերսկսման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել «կողմերի միջև լարված խորհրդակցությունների ընթացքում, որոնք վերջին օրը  շարունակվել են միջնորդների մասնակցությամբ»։ Պարեկությունն ընդհատվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Լիբանանի հարավում Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև սկսված փոխադարձ հարվածների պատճառով։

Մարտի 5-ին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ երկրի կառավարությունը ջանքեր է գործադրում՝ խաղաղություն հաստատելու հարավային սահմանին, որտեղ հարվածներ են փոխանակում իսրայելական զորքերը և շիաների «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները: Նրա խոսքով՝ ամերիկացի միջնորդ Էյմոս Հոքստայնի նախաձեռնությանը համապատասխան՝ Լիբանանը և Իսրայելն անուղղակի բանակցություններ կվարեն հարավային ճակատում հրադադարի շուրջ Ռամադանի՝ մուսուլմանների սուրբ ամսվա ընթացքում։

Ինչպես ընդգծել է Միքաթին, սահմանին կայունություն հաստատելու համար Իսրայելը պետք է դադարեցնի «թշնամական գործողությունները, որոնք խախտում են Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև «ազատի այն սահմանային տարածքները, որոնք մնում են նրա վերահսկողության ներքո 2000 թվականի տարհանումից հետո»:

  • Կիսվել: