շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լեհաստանը հայտնել է 12 ԱԹՍ-ների բեկորների հայտնաբերման մասին

Լեհաստանը հայտնել է 12 ԱԹՍ-ների բեկորների հայտնաբերման մասին

Լեհաստանի տարածքում մինչ այս պահը հայտնաբերվել են 12 անօդաչու թռչող սարքերի և հրթիռի բեկորներ: Այս մասին հայտնել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկայան։

Նա, մասնավորապես, նշել է. «Անօդաչու թռչող սարքերի բեկորներ հայտնաբերվել են 12 բնակավայրերում: Խոսքը 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների մասին է»:

Գալեցկայան հավելել է, որ հայտնաբերվել են նաև անհայտ ծագման հրթիռի բեկորներ:

Նա նշել է, որ բեկորների հայտնաբերման վայրերում աշխատում են իրավապահ մարմինների ու դատախազության աշխատակիցները:

Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր երկրի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերի չեզոքացման գործողություն իրականացնելու մասին։ Տագնապով օդ բարձրացած Լեհաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդուժը խոցել է դրանք: Ներկայում Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը ու ավիացիան վերադարձել են բնականոն ծառայության:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողներին ասել էր, որ անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, հավանաբար, լայնածավալ սադրանք էր։

Հավելենք նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնաբանել է ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը Լեհաստանի տարածք։

«Այդ միջադեպը... դարձյալ ընդգծում է տարածաշրջանային ազդեցությունը և այս ավերիչ հակամարտության ընդլայնման իրական վտանգը»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

  • Կիսվել: