ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լեհաստանում հայտնել են, որ երկրի հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսած լինել ավելի քան 100 քաղաքական գործիչների խոսակցությունները

Լեհաստանում հայտնել են, որ երկրի հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսած լինել ավելի քան 100 քաղաքական գործիչների խոսակցությունները

Լեհաստանի հատուկ ծառայությունները կարող են օգտագործած լինել իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը երկրում ավելի քան 100 քաղաքական գործիչների խոսակցությունները գաղտնալսելու համար: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ըստ հրապարակման՝ Super Express թերթին տված հարցազրույցում Լեհաստանի հետախուզական ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնիակը հայտնել է, որ Pegasus-ի օգտագործմամբ քաղաքական գործիչներին հսկելու մասշտաբներն «ավելի մեծ էին, քան նշվել էր ասեկոսեներում, որոնցում խոսվում էր մի քանի կամ մի քանի տասնյակ մարդու մասին»։

Նախարարը հայտնել է, որ Արդարադատության նախարարության ղեկավար Ադամ Բոդնարի հետ միասին կձգտի հասնել այն բանին, որ հրապարակի այն մարդկանց ցուցակը, որոնց գաղտնալսել են հատուկ ծառայությունները:

Ավելի վաղ Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր և լրտեսական Pegasus ծրագրի կիրառումը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մարչին Բոսացկին հայտարարել էր, որ խոսք կարող է լինել հարյուրից ավելի անձանց մասին։

Փետրվարի 13-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Անջեյ Դուդայի հետ անցկացված նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ հաստատել էր Pegasus-ի լայն օգտագործումը երկրում։ Տուսկը նախագահին էր փոխանցել լրտեսական ծրագրի գնման, ինչպես նաև դրա օրինական և անօրինական օգտագործման մասին փաստաթուղթը։ Տուսկն ընդգծել էր, որ գաղտնալսումներից տուժած քաղաքական գործիչների ցուցակը շատ մեծ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր RMF FM ռադիոկայանը, վկայակոչելով սեփական հետաքննությունը, լեհական հետախուզական ծառայությունները գաղտնալսել են «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամ Մատեուշ Մորավեցկիի հեռախոսազրույցները, երբ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը (2017-2023 թթ.), ինչպես նաև իշխող կուսակցության ևս շուրջ 30 քաղաքական գործիչների: Գաղտնալսվել են նաև գործող կառավարության ներկայացուցիչները, որոնք այն ժամանակ ընդդիմադիր էին։

Ավելի վաղ Տուսկի կառավարությունը որոշում էր ընդունել նախորդ կառավարության օրոք լրտեսական ծրագրի ենթադրյալ օգտագործման շուրջ հետաքննություն անցկացնել։ Օրենսդիրները հաստատել են դրանով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսված է փետրվարի 19-ին։

  • Կիսվել: