Լեհաստանի նախագահը պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրում
Լեհաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում՝ ըստ դաշինքի Nuclear Sharing ծրագրի: Այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:
Նա նշել է. «Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային ներուժը»։
Լեհաստանի նախագահը, սակայն, հրաժարվել է կանխատեսել երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն «միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի»:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին մասնակցությանը, որի շրջանակում միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրներն այն տրամադրում են դաշինքի մյուս անդամներին:
Այդ ծրագրով ԱՄՆ-ի միջուկային զենքը տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում:
Նշենք նաև, որ բացի ԱՄՆ-ից՝ իրենց սեփական միջուկային զենքն ունեն նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:


