Լավրովը վստահեցնում է՝ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա
Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա և պատրաստ է դա գրավոր արձանագրել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է՝ ոչ մի ագրեսիվ ծրագիր ՆԱՏՕ-ի անդամների, ոչ էլ Եվրամիության անդամների նկատմամբ։ Պատրաստ ենք իրավական փաստաթղթում գրավոր ամրագրել համապատասխան երաշխիքները, իհարկե, կոլեկտիվ, փոխադարձ հիմքի վրա, վերը նշված մոտեցման համատեքստում: Եթե Եվրոպան որոշի պատերազմել, մենք դրան պատրաստ ենք թեկուզ հիմա»:
Լավրովը նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքն ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ և առաջին հերթին՝ ամերիկյան կողմի հետ, քանի որ հենց Վաշինգտոնն է ցույց տալիս արդյունքի հասնելու լուրջ տրամադրվածություն:
«Մենք իսկապես ցանկանում ենք ավարտել հակամարտությունը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է Լավրովը՝ տեղեկացնելով, որ, ընդհանուր առմամբ, ռուսական կողմը Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների ավելի քան 11 հազար աճյուն, իսկ ի պատասխան ստացել է 201 զինվորի աճյուն:


