հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը

Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի 30-ին մենք բանակցություններ ունեցանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիո Գուտերեշի] հետ։ Նրան հատկապես հետաքրքրում էր, որ Թուրքիան կարող է նպաստել մի քանի հարցերի լուծմանը, որոնցից դժգոհում են ռուսները, հայտնել ենք, որ աշխատում ենք դրա վրա, Ռուսաստանը համաձայնել է 60 օրով երկարաձգել հացահատիկի գործարքը»,- մեջբերում է նախարարի խոսքերը TRT հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը: Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Նախատեսվում է նաեւ քննարկել տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույցը։

  • Կիսվել: