Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ մեղադրանքները «քմծիծաղ են առաջացնում». Ադրբեջանի ԱԳՆ
Հայկական կողմը, ի հեճուկս Եռակողմ հայտարարության 9-րդ կետի, մինչ այժմ չի վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ տարբեր պատճառաբանություններով ձգձգելով գործընթացը: Ավելին, նոր տրանսպորտային հաղորդակցություններ կառուցելու փոխարեն՝ Հայաստանը բացում է քաղաքական բանավեճ, ինչը վառ օրինակ է այն բանի, որ Հայաստանը խոչընդոտում է գործընթացը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության:
Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ մեղադրանքները «քմծիծաղ են առաջացնում»:
«Միաժամանակ, հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի հարցերում միջամտության անհապաղ դադարեցումը ցուցիչ կլիներ այն բանի, որ Հայաստանը, ոչ թե խոսքով, այլ գործողություներով հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սպառազինության նոր փուլի մասին հայտարարությունները Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտարկում է որպես ապացույց, որ «Հայաստանը «դաս չի քաղել պատմությունից»: