երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրեմլը հաստատել է Պուտինի հարցազրույցը Թաքեր Կառլսոնին

Կրեմլը հաստատել է Պուտինի հարցազրույցը Թաքեր Կառլսոնին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ամերիկացի հաղորդավար, լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Պեսկովը բացարձակ սուտ է որակել այդ հարցազրույցի ենթադրյալ սղագրությունից հատվածների հայտնվելը համացանցում:

 

Պուտինի հարցազրույցը Կառլսոնի հետ կհրապարակվի այն ժամանակ, երբ լրագրողն ինքը պատրաստ լինի այն հրապարակել, ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Կառլսոնը, որին վերջերս նկատել են Ռուսաստանի մայրաքաղաքում, հաստատել է լուրերն այն մասին, որ պայմանավորվածություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի վերաբերյալ։

Կառլսոնը Մոսկվա է ժամանել անցյալ շաբաթ։ Երեքշաբթի նա հրապարակում է արել X սոցիալական ցանցում. «Այսօր երեկոյան մենք հարցազրույց կանցկացնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք դա կանենք շուտով»:

 

Կառլսոնի խոսքով՝ հարցազրույցը առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson Network կայքում, իսկ ավելի ուշ՝ X սոցիալական ցանցում, որտեղ Կառլսոնը հսկայական լսարան ունի, գրում է BBC-ն։

 

Կառլսոնը շնորհակալություն է հայտնել X-ի սեփականատեր Իլոն Մասկին, որը, ըստ նրա, խոստացել էր չարգելափակել հարցազրույցը:

«Իհարկե, նման հարցազրույց անելը ռիսկեր է պարունակում», - ընդգծել է Կառլսոնը:

Նա պնդել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է կանխել հարցազրույցի անցկացումը:

Թաքեր Կառլսոնը բազմիցս դրական է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին: Նրա քաղաքական հայացքները կիսում են բազմաթիվ պահպանողական ամերիկացիներ, որոնք դժգոհ են Ուկրաինային ամերիկյան բազմամիլիարդանոց աջակցությունից:Կառլսոնը չի թաքցնում նաև իր հակակրանքը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ։ 

  • Կիսվել: