ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կրակոցներ Բելգրադի կենտրոնում տեղակայված կառավարամետ ճամբարում. կա վիրավոր

Կրակոցներ Բելգրադի կենտրոնում տեղակայված կառավարամետ ճամբարում. կա վիրավոր

Բելգրադի կենտրոնում տեղակայված՝ Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները վրանային ճամբար էին տեղադրել, կրակոցներ են հնչել, վիրավորվել է մեկ մարդ, հայտնում է Politika-ն:

Նշվում է, որ կրակոցները հնչել են խորհրդարանի շենքի և Վուչիչի գրասենյակի միջև գտնվող այգում, որտեղ նրա կողմնակիցները վրաններ էին տեղադրել՝ ցուցարարների՝ շենքերին մոտենալը խոչընդոտելու համար։ Կրակոցի պահին բողոքի ցույցեր չեն անցկացվել։

Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը հայտարարել է, որ զինված անձը կրակ է բացել վրանային ճամբարում, ապա փորձել է հրդեհ սարքել։ Դրա հետևանքով վիրավորվել է 57-ամյա մի տղամարդ, որին հոսպիտալացրել են։ Կրակողը ձերբակալվել է։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը միջադեպն անվանել է ահաբեկչական հարձակում:

Հիշեցնենք, որ Սերբիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի աշնանը Նովի Սադի երկաթուղային կայարանի մուտքի վրայի բետոնե ծածկի փլուզումից հետո։ Տասնվեց մարդ զոհվել է։ Այդ ժամանակվանից ի վեր ցուցարարները բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ոչ միայն պատասխանատուների պատիժը, այլև երկրի ղեկավարության հրաժարականը։ Որոշ ցույցեր ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Մինչդեռ, կառավարության կողմնակիցները վրանային ճամբար են տեղադրել Սերբիայի խորհրդարանի հարևանությամբ գտնվող այգում:

  • Կիսվել: