շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կպահպանվի արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը. զարգացումներ ու կարծիքներ

Կպահպանվի արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը. զարգացումներ ու կարծիքներ

ԼՂ-ում ռազմական հակամարտության դադարեցումն ու եռակողմ հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ԵԱՀԿ ՄԽ գործող ձևաչափի ճակատագրի շուրջ, գրում է "Ամերիկայի ձայնը

Նոյեմբերի 12-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հեռախոսազրույցներում ընդգծել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ համատեղ հայտարարությունը ուղղված է հրադադարի հաստատմանն ու ռուս խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

Ըստ ՀՀ ԱԳՆ, զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ ՀՀ արտգործնախարարը շեշտել է՝ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ համատեղ հայտարարությունը հրադադարի հաստատման և ԼՂ գոտում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, որին հաջորդեց Մոսկվայի և Անկարայի միջև Ադրբեջանի տարածքում մոնիտորինգային համատեղ կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը, բազմաթիվ հարցեր բարձրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի վերաբերյալ:

Վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով՝ պատերազմի ողջ ընթացքում ԼՂ խնդրի նկատմամբ եվրատլանտյան կենտրոնների դրսևորած անտարբերությունն ու պասիվությունն արտացոլվել է կնքված եռակողմ հրադադարի համաձայնագրում, ուր դուրս են թողնված Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մինսկի խումբն և ԵԱՀԿ-ն : Վերլուծաբանը գտնում է, որ այսպիսով այս երկրներն ու կառույցները կորցրել են իրենց դիրքերը հակամարտության կարգավորման հարցում, իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ մշակված հիմնական սկզբունքներն այսօրվա դրությամբ պատերազմի արդյունքում կամ մասամբ իրականացվել են կամ էլ դուրս են մնացել բանակցային սեղանից:

Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, որ պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահողների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայիհետ: Նոյեմբերի 12-ին լրատվամիջոցների հետ առցանց հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովը շեշտել է՝ որևէ կերպ չենք ցանկանում մեզ հեռու պահել ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերներից: Նա մատնանշել է, որ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած դրույթներին: Լավրովը նաև տեղեկացրեց Մոսկվայում սպասվող Ֆրանսիայի ու ԱՄՆ դիվանագետների հետ ռուսական կողմի նախատեսված հանդիպման մասին, ուր կքննարկվի ԼՂ հակամարտության շուրջ ձեռք բերված հրադադարն ու դրա իրականացումը, ինչպես նաև հակամարտության հետ կապված այլ հարցեր:

Նախօրեին հրադադարի կնքումից հետո ամերիկյան ու ֆրանսիական կողմերն իրենց մոտեցումները հայտնեցին հրադադարի վերաբերյալ: Երկու երկրներն էլ ընդգծել են հավելյալ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը, գրավոր պատասխանելով ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հարցին Ղարաբաղի շուրջ նոր զարգացումների վերաբերյալ, ընդգծել է, որ ամերիկյան կողմը ի գիտություն է ընդունել ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարի կնքման փաստը: ՛՛Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը, սակայն դեռ չենք կարող այժմ մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը՛՛,- նշել է պետքարտուղարության խոսնակը՝ հորդորելով ցանկացած հարց նոր պայմանավորվածությունների մասին ուղղել համաձայնագրի կողմերին:

Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցումը՝ կոչ անելով Ադրբեջանին խստորեն պահպանել իր ստանձնած պարտավորությունները և դադարեցնել ռազմական հարձակումները, իսկ Թուրքիային՝ զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից: Ֆրանսիան իր զորակցություն է հայտնել Հայաստանին որպես բարեկամ երկիր՝ ընդգծելով Հայաստանի հետ իր ունեցած մարդասիրական, մշակութային ու պատմական կապերը:

Փարիզը վստահ է՝ հրադադարի համաձայնությունից բացի անհրաժեշտ է վերսկսել հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան պատրաստ է ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն, շեշտել է արտգործնախարարը՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է ապահովեն վերջին շաբաթների ընթացքում հակամարտության պատճառով տեղահանված մարդկանց վերադարձը և հստակեցնեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյցի կարծիքով, սակայն, այս վերջին զարգացումները, հատկապեսա ռուսական զորքերի տեղակայումն ու Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը հրադադրաի հաստատման համաձայնագրի հարցում, ստեղծել է նոր իրավիճակ, որտեղ Մոսկվան ու Անկարան դարձել են հիմնական խաղացողներ ԱՄՆ-ի , Ֆրանսիայի ու արևմտյան այլ տերությունների դերի նվազմանը զուգահեռ:

՛՛Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում Անկարայի ազդեցությունը նվազի, սակայն այս պահին Թուրքիան և Ռուսաստանն են հիմնական արտաքին խաղացողներն այստեղ ի տարբերություն զգալի չափով ավելի փոքր դերակատարում ունեցող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի կամ որևէ այլ հավանական դերակատարի՛՛,- նշում է Վայցը:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը կարևորում է Մինսկի խմբի ձևաչափը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել մեկ գիշերվա ընթացքում արված հայտարարությամբ: Դրա համար անհրաժետ է տևական ժամանակ և միասնական ջանքեր բանակցություններ վարելու ու հետագա համաձայնությունները կյանքի կոչելու համար, նշում է նախկին միջնորդը:

՛՛Համանախագահները պետք է դեր ունենան համաձայնության շրջանակի մանրամասները մշակելու ընթացքում և կողմերին մերձեցնելու գործընթացում: Այստեղ կան շատ բաղադրիչներ, ներառյալ՝ կողմերի միջև վստահության ամրապնդում, ժողովուրդների միջև հարաբերակցության ծրագրերի իրականացում, փախստականների վերաբնակեցում, մարդասիրական խնդիրների և ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր: Այս բոլորը կարևոր խնդիրներ են՛՛,- նշում է Ուորլիկը:

Նրա կարծիքով չափազանց կարևոր է, որ խաղաղությունը երաշխավորի ոչ միայն Մոսկվան, այլև միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Ուորլիկը վստահ է՝ ԼՂ հակամարտությունը չի բխում կողմերի շահերից, իսկ խնդրի կարգավորումը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի երկրների վրա՝ նպաստելով տարածաշրջանի բարգավաճմանն ու զարգացմանը:

  • Կիսվել: