չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կողմնորոշվե՛ք. Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին

Կողմնորոշվե՛ք. Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին

Չեչնիայի Հանրապետության մահմեդականները դեկտեմբերի 22-ին արտահերթ համագումար են անցկացրել, որի ժամանակ իրենց պահանջներն են հայտնել թուրքական կառավարությանը, տեղեկացնում է Независимая Газета-ն։

Նշվում է, որ Չեչնիայի հոգևորականների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է գրոհայիններին, ապաստան է տալիս Գրոզնիում թշնամիներ համարվողներին, ինչպես նաև գովաբանում է այսպես կոչված Իչկերիայի առաջնորդներին։

Չեչնիայի մահմեդականների հոգևոր ղեկավարության համագումարի առիթն այն էր, որ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի քաղաքներից մեկում բացվել է 1990-ականներին չեչեն անջատողականների առաջնորդ Ջոհար Դուդաևի անունը կրող այգի: Այս փաստին զայրույթով է արձագանքել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ ասելով, որ թուրքերը «ավազակների» են ապաստանում։ Թուրքերի գործողությունները դատապարտել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այժմ քաղաքական գործիչներին են միացել Չեչնիայի կրոնական առաջնորդներն ու աքսակալները:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա՛ն, մենք՝ Չեչնիայի Հանրապետության մահմեդականներս, խստորեն դատապարտում ենք Ձեր քաղաքականությունը և դիմում ենք Ձեզ՝ կողմնորոշվե՛ք»,-նշել են համագումարի մասնակիցները:

Ըստ Независимая Газета-ի՝ նրանք նաև ասել են. «Դուք Ձեզ մուսուլման եք համարում, բայց իրականում չգիտե՞ք, որ մուսուլմանների կողմից չարագործությունն արգելված է մեր կրոնում: Չարագործություն չէ՞ Ջոհար Դուդաևին պատվի նման բարձր աստիճանի բարձրացնելը, որի հիշատակին ձեր երկրում այգի է բացվել։

Ընդհանուր առմամբ, Ձեր երկրում հաստատված ահաբեկիչներին աջակցությունը մեծ ափսոսանք է առաջացնում։ Փաստորեն, Ձեր երկրում ապաստան են տվել բոլոր այն խարիջիներին, որոնք սպանել են մահմեդականներին կամ պատրաստ էին կատարել այս նողկալի արարքը։ Չեչեն ժողովրդի արյունը նրանց ձեռքերին է, ինչն անընդունելի է ցանկացած տեսանկյունից»։

Գրոզնիում ասել են, որ  Էրդողանն իրեն դրսևորում է որպես բարի մահմեդական, բայց միևնույն ժամանակ աջակցում է ահաբեկիչներին՝ ներառյալ նրանց, ովքեր «իրենց հայրենիքում արդար պատժից փախել են Թուրքիա»: Նրանք նաև հայտնել են, որ եթե Էրդողանն ականջ չդնի իրենց պահանջներին, իրենք նրան կընկալեն որպես թշնամու:

  • Կիսվել: