կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին. Ուկրաինայի ԱԳ նախարար

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին. Ուկրաինայի ԱԳ նախարար

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները: 

Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ Կիևը վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ փուլի համար:

Նա տեղեկացրել էր, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։

Կուլեբան նշել էր նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:

«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրանց ընթացքում իր վերջնագրերը հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրելու լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական վերջնագրերը»,- ասել էր Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։

  • Կիսվել: