Խնայեք ձեր զինվորներին. Իրանն արձագանքել է ԱՄՆ-ին
Պարզ դարձավ` ինչ է կատարվում կուլիսների հետևում: Այսպես է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը:
«Թրամփը պետք է իմանա, որ ներքին խնդրին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և հենց Վաշինգտոնի շահերի խաթարմանը»,– X-ում գրել է Լարիջանին:
Նա ԱՄՆ առաջնորդին արկածախնդրության մեջ է մեղադրել` հավելելով, որ Իրանի իշխանությունները տարբերում են բողոքող առևտրականների ու պառակտիչների գործողությունները։
«Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա, որ Թրամփը սկսեց այս արկածախնդրությունը։ Խնայեք ձեր զինվորներին»,-նշել է Լարիջանին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Եթե Իրանը կրակ բացի ցուցարարների վրա, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության:
Խոսքը Իրանում բողոքի ցույցեր անցկացնողներին օգնելու մասին է:
Նշենք, որ դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա։



