չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Խաղաղության պահպանման պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից հետո Թաիլանդը Կամբոջային մեղադրել է հրադադարի խախտման համար

Խաղաղության պահպանման պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից հետո Թաիլանդը Կամբոջային մեղադրել է հրադադարի խախտման համար

Թաիլանդի բանակը Կամբոջային մեղադրել է նոր ստորագրված հրադադարի համաձայնությունը խախտելու համար, տեղեկացնում է BBC-ն:

Մասնավորապես՝ Թաիլանդի բանակը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ գիշերն ավելի քան 250 անօդաչու սարք է հայտնաբերվել, որոնք թռչում էին Կամբոջայի կողմից:

Թաիլանդը Կամբոջայի գործողություններն անվանել է «սադրանք են և լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների խախտում», որոնք չեն համապատասխանում հրադադարի պայմաններին։

Բանակը հավելել է, որ, գուցե, վերանայի հուլիսից Թաիլանդում պահվող 18 կամբոջացի զինվորների ազատ արձակման շուրջ պայմանավորվածությունը։ Բացի դրանից, ըստ Թաիլանդի բանակի՝ եթե համաձայնագրի և երկրի ինքնիշխանության խախտումները շարունակվեն, ապա երկիրը ստիպված կլինի գործել համապատասխան կերպով:

Հիշեցնենք, որ հրադադարն ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 27-ին քսան օր տևած բախումներից հետո, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի և 1 միլիոն մարդու տեղահանման:

Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները Չինաստանում եռակողմ հանդիպում են անցկացրել երկրի արտգործնախարար Վան Իի հետ: Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կամբոջան և Թաիլանդը պատրաստ են պահպանել տարածաշրջանային խաղաղությունը:

  • Կիսվել: