հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Խաղաղության համաձայնագրի քննարկումները շարունակվում են․ եղել են տեքստերի փոխանակումներ․ Կլաար

Խաղաղության համաձայնագրի քննարկումները շարունակվում են․ եղել են տեքստերի փոխանակումներ․ Կլաար

Հաշվի առնելով հակամարտության պատմությունը, ակնհայտորեն անհրաժեշտ կլինի որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք: Այս մասին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելություն տեղակայի ԼՂ-ում, և արդյո՞ք ԵՄ շրջանակներում դրա մասին մտածում են:

Կլաարն ասաց, որ հիպոթետիկ հարցերը խթանող են, բայց պետք է ժամանակ առ ժամանակ մնան անպատասխան: «Ես կարծում եմ և այդ մասին նախկինում հրապարակայնորեն ասել եմ, որ հաշվի առնելով հակամարտության պատմությունը՝ ակնհայտորեն անհրաժեշտ կլինեն որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք: Բայց պարզապես ենթադրել, որ մենք կարող ենք գնալ ամբողջական բաժանումից դեպի ամբողջական ինտեգրում, ես չեմ կարծում, որ դա որևէ տեղ աշխատել է նման պատմությամբ հակամարտության դեպքում:

Ուստի կարծում եմ՝ կարևոր է, որ սկսվի անկեղծ քննարկում, թե ինչպիսին է Բաքվի տեսլականը լայն իմաստով, ի՞նչ է դրված սեղանին: Ցանկացած ձևաչափով, սակայն, պետք է լինի քննարկում ու ներգրավում այս իմաստով»,- ասաց Կլաարը:

Նա նշեց, որ Խաղաղության համաձայնագրի քննարկումները շարունակվում են, եղել են տեքստերի փոխանակումներ. «Ես չէի ասի, որ գործընթացը կանգնած է, սա մի գործընթաց է, որը կարիք ունի առաջմղման, բայց հարցը, որը հնչեց նաև այսօր, թե ի՞նչ է լինելու Խաղաղության համաձայնագրից հետո, ինչպե՞ս ենք իրականում համապարփակ խաղաղություն ապահովելու, և դա ներառում է նաև Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դա ներառում է հաղորդուղիները, դա ներառում է հարցը, թե ինչպես են մարդիկ Հայաստանում ու Ադրբեջանում սկսելու շփվել: Մեկ բան է ունենալ խաղաղության համաձայնագիր, բայց ի վերջո այս հակամարտության հետևանքով առաջացած այս հարցերը պետք է լուծվեն»,-ասել է Կլաարը:

  • Կիսվել: