Կազմակերպված հանցավորության մեղադրանքով ձերբակալվել է Բոսնիայի անվտանգության նախարարը
Բոսնիայի անվտանգության նախարար Նենադ Նեսիչն ու ևս վեց հոգի հինգշաբթի օրը ձերբակալվել են կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման, իշխանության չարաշահման և կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնել է երկրի պետական դատախազությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ պետական դատախազը և Բոսնիական Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հետաքննում են կոռուպցիայի կասկածները «Roads of RS» պետական ընկերությունում, որտեղ Նեսիչը 2016-2020 թթ. եղել է գլխավոր տնօրեն: Ձերբակալվել են նաև ընկերության ներկայիս գործադիր տնօրեն Միլան Դակիչը և նախկին նախարարի եղբայրը՝ Մլադեն Լյուչիչը։ Ձերբակալված մյուս չորս անձանց անունները մեղադրող կողմը չի նշել։
Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը, որը կանգնել է Բոսնիայի դատարանի առաջ խաղաղության միջազգային բանագնաց Քրիստիան Շմիդտի որոշումներին չենթարկվելու համար, դատախազներին մեղադրել է Սերբիայի կառավարության պաշտոնյաների դեմ ոտնձգությունների արշավի մեջ:
Նա իր թվիթերյան էջում գրել է. «Բոսնիայի դատախազության կողմից Անվտանգության նախարար Նենադ Նեշիչի դեմ հարուցված ընթացակարգը բացարձակապես անընդունելի է»: