Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ես եղել եմ Ադրբեջանում, իսկ այստեղ (խմբ․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) կհանդիպեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է Կալասը՝հավելելով, որ առաջիկայում կայցելի նաև Հայաստան։
Եվրամիությունը դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում ևս մեկ հակամարտություն կպակասի»,-ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։