կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է. Պուտինն ասել է, թե ովքեր են Ղրիմի կամրջի պայթեցման պատվիրատունները և կատարողները

Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է. Պուտինն ասել է, թե ովքեր են Ղրիմի կամրջի պայթեցման պատվիրատունները և կատարողները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Նման հայտարարություն նա արել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։

«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը:

Բաստրիկինն իր հերթին ասել է, որ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հոդվածով։ Նա նաև հայտարարել է, որ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

«Հատուկ ծառայություններն արդեն հաստատել են բեռնատարի երթուղին պայթյունից առաջ». ՌԴ նախագահին զեկուցել է Քննչական կոմիտեի ղեկավար

«Բեռնատարը եղել է Բուլղարիայում, Վրաստանում, Հայաստանում, Հյուսիսային Օսիայում, Կրասնոդարի երկրամասում»,- ներկայացրել է Ալեքսանդր Բաստրիկինը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, սակայն ներկայում ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո:

  • Կիսվել: