չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարմիր ծովում ԵՄ հնարավոր առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իտալիայի ԱԳՆ

Կարմիր ծովում ԵՄ հնարավոր առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իտալիայի ԱԳՆ

Կարմիր ծովում նավերի պաշտպանության Եվրամիության հնարավոր առաքելությունը պաշտպանական բնույթ կկրի և ուղղված չի լինի Իրանի դեմ։ Այդ մասին Rai News 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

Նա վստահություն է հայտնել, որ եմենցի հութի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը, որը Կարմիր ծովում հարվածներ է հասցնում առևտրային նավերին, չի գործում Իրանի հրահանգով։

«ԵՄ առաքելությունը պետք է ակտիվ ռազմական պաշտպանություն իրականացնի... այն ուղղված չէ Իրանի դեմ», - Տայանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իտալիայի արտգործնախարարը պարզաբանել է, որ առաքելությանը մասնակցող  զինվորականները պետք է «իրավունք ունենան կրակելու, կրակով պատասխանելու, խոցելու անօդաչու թռչող սարքերը», այլ ոչ թե պարզապես «ուղեկցելու» առևտրային նավերը: Նա նաև նշել է, որ առաքելության իրականացման և կազմի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ ամիս։

Ավելի վաղ Հռոմը Բեռլինի և Փարիզի հետ միասին հանդես էր եկել ռազմական առաքելություն կազմակերպելու առաջարկով, որը կարող է երաշխավորել Կարմիր ծովում անվտանգ նավարկությունը՝ ընդլայնելով գործունեության գոտին և ամրապնդելով, այդ թվում՝ ռազմական տեսակետից, արդեն գոյություն ունեցող առաքելությունները։

Տայանին նաև պարզաբանել է, որ Եմենի տարածքին հարվածներ հասցնել չի ենթադրվում։ Ինչպես գրում են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները, ենթադրվող առաքելության վերաբերյալ վերջնական որոշում ընդունել չի հաջողվել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում։ Հայտնի է, որ Մադրիդը հավանություն չի տալիս տարածաշրջանում եվրոպացի զինվորականների նման գործողություններին:

  • Կիսվել: