կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

Զանգվածային պատվաստումը կապիկի ծաղիկի դեմ անհրաժեշտ չէ։ Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծաղիկ հիվանդության դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Զանգվածային պատվաստման կարիք չկա, իմունիզացիայի մեծ արշավի կարիք չկա», – ասել է նա:

Լյուիսը հիշեցրել է, որ կապիկի ծաղիկը հիմնականում փոխանցվում է մաշկի և դեմքի շփման ժամանակ, ուստի հիվանդների շփումների հայտնաբերումը և մեկուսացումն այս փուլում հիվանդության վերահսկման լավագույն միջոցն է:

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

 

  • Կիսվել: