Իսրայելը փակել է Գազա տանող գլխավոր ճանապարհը
Այսօր իսրայելական տանկերը փակել են Գազա քաղաք տանող գլխավոր ճանապարհը՝ խոչընդոտելով պաշարված քաղաքից փախչողներին վերադառնալուն, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այժմ «վերջին հնարավորությունն է փրկելու» ներսում դեռևս փակված հարյուր հազարավոր մարդկանց:
Իսրայելը հրամայել է Գազա քաղաքի ամբողջ մեկ միլիոն բնակչությանը շարժվել դեպի հարավ՝ այս ամսվա ընթացքում պատերազմի ամենամեծ հարձակումներից մեկը սկսելու կապակցությամբ՝ խոստանալով արմատախիլ անել պաղեստինցի զինյալներին այն վայրերից, որոնք, ըստ նրանց, իրենց վերջին ամրություններն են Գազայի ամենամեծ քաղաքային տարածքում:
Reuters-ին տեղացի բնակիչները հայտնել են, որ իսրայելական զորքերն ավազե արգելապատնեշներ են կառուցել Գազա քաղաքից հարավ գտնվող գլխավոր ճանապարհին: Մարդկանց թույլատրվել է հեռանալ, բայց նրանց, ովքեր գնացել էին սնունդ կամ ժամանակավոր ապաստան փնտրելու, այլևս թույլ չեն տալիս վերադառնալ:
«Դա վերջին հնարավորությունն է Գազայի այն բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և թողնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին մեկուսացված Գազա քաղաքում՝ Իսրայելի պաշտպանության բանակի լայնածավալ գործողությունների պայմաններում»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը:
Նա հավելել է, որ հեռացողներին զինվորականները ստուգման կենթարկեն:
Չորեքշաբթի զինվորականները հայտարարության մեջ շեշտել են, որ սկսել են գործողություն՝ ամրապնդելու և պահպանելու «գործնական վերահսկողությունը Նեցարիմի միջանցքի» նկատմամբ, որը նրանց կողմից Գազայի հյուսիսային և հարավային մասերը բաժանող վերահսկվող տարածք է։


