Իսրայելը մտադիր է մշտական վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ. ՄԱԿ-ի զեկույց
Իսրայելի կառավարությունը հստակ մտադրություն է հայտնել մշտական վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ և ապահովել հրեական մեծամասնություն Արևմտյան ափին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ՄԱԿ-ի զեկույցում մանրամասն նկարագրվում է Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի միջանցքներում և բուֆերային գոտում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ և համակարգված ոչնչացումը, որի արդյունքում Իսրայելը մինչև այս տարվա հուլիսն ընդլայնել է իր վերահսկողությունը Գազայի հատվածի 75 տոկոսի նկատմամբ։
«Իսրայելի զինված ուժերը միտումնավոր փոխել են նաև Գազայի աշխարհագրությունը՝ ստեղծելով ռազմական միջանցքներ, ընդլայնելով սահմանային բուֆերային գոտին և ստեղծելով անվտանգության գոտիներ»,- նշվում է Պաղեստինի օկուպացված տարածքների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում։
Նշվում է նաև, որ Իսրայելը պնդում է, որ պատերազմը ոչ թե Գազայի ժողովրդի, այլ ՀԱՄԱՍ-ի դեմ է, որի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գլխավորեցին Իսրայելի վրա հարձակումը, ինչն էլ սկիզբ դրեց պատերազմին։
ՄԱԿ-ի հանձնաժողովը միաժամանակ պարզել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի քաղաքականությունը ցույց է տվել պաղեստինցիներին բռնի տեղահանելու, հրեական բնակավայրերը ընդլայնելու և ամբողջ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկելու հստակ մտադրություն։
Իր հերթին Իսրայելը պնդում է, որ զեկույցը «ամեն ինչ գլխիվայր է շրջում»։ Ժնևում Իսրայելի առաքելությունը մերժել է զեկույցի եզրակացությունները։


