ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը կրկին հարված է հասցրել Լիբանանի հարավին․ զոհվել է 4 մարդ

Իսրայելը կրկին հարված է հասցրել Լիբանանի հարավին․ զոհվել է 4 մարդ

Իսրայելի օդային հարվածի հետևանքով Լիբանանի հարավում շաբաթ օրը զոհվել է չորս մարդ, հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Չնայած «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման հետ 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարին՝ Իսրայելը շարունակում է իր զորքերը պահել Լիբանանի հարավի հինգ շրջաններում և պարբերաբար օդային հարվածներ է իրականացնում՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են «Հեզբոլլահի» դեմ։

Առողջապահության նախարարության տվյալներով, Նաբաթիա շրջանում Իսրայելի օդային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են։

Լիբանանի պաշտոնական ազգային տեղեկատվական գործակալությունը՝ NNA-ն, հայտնել է, որ Իսրայելի բանակը հեռակառավարվող հրթիռով խոցել է ավտոմեքենա՝ տեղական ժամանակով մոտավորապես 22։30-ին (Գրինվիչի ժամանակով՝ 20։30)։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հոկտեմբերի կեսերին կոչ է արել Իսրայելի հետ բանակցություններ սկսել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման հարցում։ Սակայն Աունը մեղադրել է Իսրայելին, որ իր բանակցությունների կոչին ի պատասխան՝ վերջինս ուժեղացրել է հարվածները իր երկրի դեմ։

«Հեզբոլլահը» առաջին անգամ սկսել է Իսրայելի ուղղությամբ կրակ բացել սահմանից այն կողմ՝ Գազայում պատերազմի սկսվելուց հետո՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Դա հանգեցրել է ավելի քան մեկ տարի տևած հակամարտության, որը ավարտվել է երկու ամիս տևած բաց պատերազմով, մինչև անցած տարի հրադադարի համաձայնության հասնելը։

  • Կիսվել: