ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Իսրայելը Գազայում  գործն ավարտին կհասցնի». Նեթանյահու

«Իսրայելը Գազայում  գործն ավարտին կհասցնի». Նեթանյահու

Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա պաշտոնյաների և դիվանագետների մեծամասնությունը լքել է դահլիճը, տեղեկացնում է Axios-ը։

Նշվում է, որ դա Իսրայելի դեմ ուղղված համաշխարհային առաջնորդների հերթական բողոքի ակցիան էր, որը պահանջում էր դադարեցնել պատերազմը Գազայում:

Ըստ The New York Times-ի՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չի գործի ազգային ինքնասպանություն»՝ թույլ տալով Պաղեստինի պետություն ստեղծել, և կտրուկ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են այն։ «Դա ձեզ համար ամոթի բիծ կլինի»,- ասել է նա։

Իսրայելի առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում  «գործն ավարտին կհասցնի» և դա կանի հնարավորինս արագ։

Դահլիճից հնչող բացականչությունների ներքո Նեթանյահուն իր ելույթը սկսել է՝ թվարկելով Իսրայելի հարձակումները իր հակառակորդների և հարևան երկրների վրա՝ պնդելով, որ դա վերացրել է սպառնալիքները։ Նա կարդացել է Գազայում պահվող պատանդների անունները։ Հինգշաբթի Իսրայելն այնտեղ բարձրախոսներ է տեղադրել՝ ելույթը հեռարձակելու համար։

Հաղորդվում է նաև, որ, բացի դրանից, Իսրայելի հետախուզությունը ելույթը ուղիղ եթերով հեռարձակել է Գազայի բնակիչների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ողջ մնացած առաջնորդների հեռախոսներով։ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին կոչ է արել հանձնվել, զենքերը վայր դնել և ազատ արձակել պատանդներին։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Բենիամին Նեթանյահուն ուղղակիորեն դիմել է Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդներին՝ աջակցության խոսքերով։

«Մեր քաջարի հերոսներ, վարչապետ Նեթանյահուն ձեզ հետ ուղիղ եթերում խոսում է ՄԱԿ-ից։ Մենք ձեզ վայրկյան անգամ չենք մոռացել։ Իսրայելի ժողովուրդը ձեզ հետ է։ Մենք չենք կանգնի կամ չենք հանձնվի, մինչև բոլորիդ տուն չբերենք»,- եբրայերեն և անգլերեն ասել է նա։

  • Կիսվել: