Իսրայելը Գազայի վրա հարձակվելու համար նախապատրաստական գործողություններ է սկսել
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի վրա հարձակվելու համար նախապատրաստական գործողություններ է սկսել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք սպասում։ Մենք սկսել ենք Գազա քաղաքի վրա հարձակման նախնական գործողությունները և սկզբնական փուլերը և ներկայումս ինտենսիվորեն գործում ենք քաղաքի ծայրամասերում։ Մենք կխորացնենք մեր հարվածները և չենք վարանի, մինչև չվերադարձնենք բոլոր առևանգվածներին և ռազմականապես ու քաղաքականապես չոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին»
Էդրին նաև նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շարունակում են մարտերը Գազայի հատվածում՝ ծանր հարվածներ հասցնելով ՀԱՄԱՍ-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազա քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունը ընդլայնելու ծրագիրը:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 18-ին ՀԱՄԱՍ-ը դրականորեն է արձագանքել միջնորդների հրադադարի առաջարկին, և փաստաթուղթը հետագայում փոխանցվել է Իսրայելին: Օգոստոսի 20-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնը գրավելու ծրագիրը, իսկ օգոստոսի 21-ին առաջարկվող ռազմավարությունը հաստատել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


