Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի վերաբերյալ առաջարկին. Քաթարի ԱԳՆ
Միջնորդները դեռևս սպասում են Իսրայելի պաշտոնական արձագանքին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Քաթարի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նա նշել է, որ Իսրայելը ո՛չ ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված առաջարկը, ո՛չ մերժել, ո՛չ էլ առաջարկել այլընտրանք և, ենթադրաբար, չի ցանկանում անել դա։
«Առաջարկը ներկայացվել է։ Այս առաջարկը 98 տոկոսով համապատասխանում է այն պահանջներին, որոնք իսրայելցիները ներկայացրել են մի քանի շաբաթ առաջ։ Հենց նրանք այժմ չեն արձագանքում։ Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը կրում է իսրայելական կողմը, որը չի արձագանքել միջնորդների կողմից ներկայացված և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված պաշտոնական առաջարկին»,-նշել է ալ-Անսարին։
Նրա խոսքով՝ միջնորդների միջև շփումը շարունակվում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար։
«Քաթարը Գազայի հատվածում որևէ դրական փոփոխություն չի տեսնում, այլ միայն Գազա քաղաքի օկուպացիայի սպառնալիքներ, օգնություն սպասող քաղաքացիական անձանց և լրագրողների վրա հարձակումներ»,-ասել է ԱԳ նախարաը:
Նշենք, որ Եգիպտոսը Քաթարի հետ համակարգված ձգտում է վերադառնալ 60-օրյա ժամանակավոր հրադադարի համաձայնագրին, որի ընթացքում ազատ արձակվեն 10 իսրայելցի պատանդներ և կհանձնվեն դիակներ: Այնուհետև անհապաղ բանակցություններ կանցկացվեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ:


